Բացասական հոդվածներն ավելացել են․ ո՞րն է պատճառը

2019թ-ի հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 895 հոդված, որոնցից 111-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 773-ը՝ չեզոք։

Այս տասնօրյակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ բացասական հոդվածները մի քանի անգամ ավել են, քան դրական շեշտադրմամբ հոդվածները։ Մեր մշտադիտարկման տարբեր ժամանակահատվածներում Արմեն Սարգսյանի մասին հոդվածները հիմնականում կամ չեզոք էին, կամ դրական։

Արմեն Սարգսյանին հիմնականում քննադատել են Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելու համար։ Լրատվականները, քաղաքական ուժերը հիշեցնում էին նախագահին, որ Վահե Գրիգորյանը մեկ տարի առաջ չէր ընդունում Արմեն Սարգսյանի լեգիտիմ նախագահ լինելու փաստը։ Նախագահի այս քայլը որակվեց որպես թուլություն։

Նմանատիպ պատկեր էր նաև համացանցում։ Հասարկության մի հատված համարում է, որ Արմեն Սարգսյանը փոխանակ կոշտ պատասխան տար դատարաններն արգելափակելու ակցիայի օրը, հանդես գար որպես սահմանադրական կարգի երաշխավոր, նախընտրեց լղոզված արձագանքով հանդես գալ, այսինքն, ըստ հնչեցված քննադատության՝ ՀՀ նախագահը տեղի է տալիս Նիկոլ Փաշինյանի թիմի ազդեցությանը։

Արմեն Սարգսյանը փաստացի առաջին անգամ մասնակցեց քաղաքական գործընթացներին։ Արտակ Զեյնալյանի պնդմամբ՝ նույն թեկնածուին երկրորդ անգամ առաջադրելը դա ոչ այլ ինչ է, քան քաղաքականություն, և փորձն անհաջող էր, քննադատությունները շատ էին, մինչդեռ համարժեք պատասխան այդ ամենին գրեթե չտրվեց, իսկ Էմիլ Տարասյանի հնչեցրած պարզաբանումն ավելի շատ իրենց դեմ աշխատեց։ Մամուլը դա որակեց որպես ինքնախոստովանություն, որով հաստատվեց, որ Արմեն Սարգսյանը հաշվի է նստում Փաշինյանի քաղաքական ազդեցության հետ։