Ու՞մ է փորձում «լավություն անել» Արայիկ Հարությունյանը․ ի՞նչ է գրում մամուլը

2019թ-ի հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 207 հոդված, որոնցից 31-ը եղել է բացասական, 2-ը դրական, 173-ը՝ չեզոք։

Նախարարը շարունակում է մեղադրվել հովանավորչության և ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակելու մեջ։ Ըստ մամուլի, այս տասնօրյակում Արայիկ Հարությունյանը փորձել է, այսպես ասած,  լավություն անել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին։ Ըստ լուրերի, «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը նախատեսվում է Լենա Նազարյանի  ամուսնու՝ Նարեկ Բաբայանի քրոջ՝ Մարիա Բաբայանի համար։

Մամուլը գրում է նաև, որ ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն Արայիկ Հարությունյանի ընկերոջ քեռին է։ Բացի այս և նմանատիպ մեղադրանքներից, նախարարի անունը բացասական երանգավորմամբ կապում են նաև «Բաց Հասարակության» հիմնադրամի հետ, որը հասարակության մեջ առավել հայտնի է «Սորոսի» գրասենյակ։

Լրատվականները նշեցին նաև, որ Երիտասարդական հինադրամը ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների վարձավճարները  չի փոխանցել համալսարաններին։ Այս խնդիրը ևս կապվեց Արայիկ Հարությունյանի սխալ  մենեջմենթի հետ, քանի որ, ըստ լրատվության, վերջինս ներքին հրաման էր տվել, որ վարձավճարի պարտք ունեցող ուսանողներին չթույլատրեն մասնակցել քննություններին։

Նախորդ իշխանության ժամանակ էլ էին շատ անուններ կապվում այս կամ այն իշխանավորի հետ և նշվում էր, որ դա հովանավորչություն է և մեծամասամբ այդ հովանավորչությունից բողոքում էին ներկա իշխանության ներկայացուցիչները, իսկ հասարակությունը սուր էր արձագանքում, իսկ այս իրավիճակում միայն մամուլն է ֆիքսում այս կամ այն կապը։