Որոշ լրատվամիջոցներ չեն անդրադարձել Արթուր Դանիելյանի ձերբակալությանը

Երեկ 6 ոստիկան ներխուժել է Ադեկվատ հասարակական կազմակերպության գրասենյակ, ձեռնաշղթաներ հագցրել բլոգեր, կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանին ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։ Դանիելյանին 3 ժամ պահել են բաժնում, խուզարկել, առգրավվել հեռախոսը, դրամապանակը։ Նրան մեղադրել են վարչապետին մարմնական ծանր վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ «Ադեկվադ» կուսակցությունը վստահ է, իրենց նկատմամբ հետապնդումը քաղաքական է։ Ի դեպ, 2 օր առաջ կուսակցության 11 անդամները դարձյալ բերման էին ենթարկվել։ Միջադեպ էր տեղի ունեցել նաև կիրակի Գառնիում։ Ակնհայտ քրեական անցյալ ունեցող անձը առանց պետհամարանիշի մեքենայով միտումնավոր հարվածել էր նախաձեռնության փոխնախագահի մեքենային ու վիճաբանություն հրահրել։

Երեկվա ձերբակալությունը հայտնվեց գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բացառությամբ Հանրային Հեռուստաընկերության, «Կենտրոն»-ի, «ԱՐ»-ի, «Ազատություն TV»-ի:

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությունը հրաժարվել ոչ իրավաչափ գործողություններից և քաղաքական գործընթացները չտեղափոխել բռնաճնշումների տիրույթ: Հորդորում ենք հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ Հայաստանի իշխանության բռնի գործողություններին և կանխել Հայաստանում վերահաս բռնապետության դրսևորումներն ու խոսքի ազատության կոպիտ սահմանափակումները: Իսկ լրատվամիջոցներին կոչ ենք անում չշրջանցել իրավական և քաղաքական կարևոր հնչեղություն ունեցող իրադարձությունները լուսաբանելուց։