Իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում

2019 թ-ի մայիսի 1-ից 31-ը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 35 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները,  որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի լուսաբանվածները, ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին նախապատվություն չտվող հոդվածները։

Ուշադրություն է դարձվել այն թեմաներին, որոնք ունեցել են  հասարակական հնչեղություն կամ քաղաքական գործընթացների մաս են կազմել։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 11978 հոդված։

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Իրավական թեմաների լուսաբանումը Հայաստանում շարունակում է կողմնակալ լինել։ Լրատվականները հիմնականում որդեգրել են այս կամ այն քաղաքական ուժի քաղաքականությունը և առաջնորդվում են այդ սկզբունքներով։ Մշտադիտարկման ժամանակահատվածում փոխվեց Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը։ Այս իրադարձությունը իշխանական ճամբարում բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ, բացի այդ դժգոհություն առաջացրեց հասարակության մի մասի շրջանում։

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին կոչ արեց արգելափակել դատարանները և պահանջեց դատավորների հրաժարականը։ Ըստ  քաղաքական շատ ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ քայլը հակաօրինական էր և նույնիսկ պնդմներ եղան, որ սահմանադրական կարգ է տապալվում։ Դատարաններն արգելափակելու կոչը  քննադատեցին անգամ այն իրավապաշտպաններն ու կազմակերպությունները, որոնք իշխանափոխության ողջ ընթացքում և դրանից հետո աջակցել են  իշխանություններին։

Շարունակվում է Մանվել Գրիգորյանի դատավարությունը։ Այդ դատական գործընթացն անընդհատ հետաձգվում է և առաջանում են խոչընդոտներ, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է։ Երեկ նա նախակոմային վիճակում տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Լրատվականներում և հասարակության մեջ տարածվել են տեղեկություններ, որ իշխանություններն աջակցում են իրենց կողմնակիցներին և պատիժները ընտրովի են կիրառում։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրատվական դաշտին ստեղծված իրավիճակում լինել անաչառ, չդառնալ քաղաքական գործընթացների որևէ կողմ։ Հորդորում ենք պահպանել լրագրողական պրոֆեսիոնալությունն ու հասարակությանը ներկայացնել ճշտված ու անաչառ տեղեկատվություն։

«Մեդիա Պաշտպանը» կոչ է անում նաև իշխանություններին ճնշումների չդիմել, լրատվականների հետ չխոսել շանտաժի լեզվով, ՀԿՏԿ ՊՈԱԿ-ը չօգտագործել որպես մտրակ և չմիջամտել լրատվականների աշխատանքին, քննադատությանն առողջ վերաբերվել։

 

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։