Ալեն Սիմոնյանին հորդորում ենք զերծ մնալ մեդիայի ազատությունը սահմանափակող քայլերից

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը aravot.am-ին հայտնել է՝ «Ես մի հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունով եմ հանդես գալու, որն անմիջականորեն վերաբերվելու է լրատվամիջոցներին, ընենց որ պատրաստվեք»: Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ նախաձեռնությունը «ատելության և չարիք տարածելու մթնոլորտը նվազեցնելուն է ուղղված»:

Media Advocate/Մեդիա Պաշտպան նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԺ Իմ քայլը դաշինքի պատգամավորի հայտարարության մասով: Մեդիայի ազատությունը Հայաստանի շուրջ 30 տարվա անկախության լրջագույն ձեռքբերումներից է, և իշխանությունների կողմից «ատելություն և չարիք տարածելու» պիտակավորումների և տարատեսակ այլ պատրվակների քողի ներքո մեդիան սահմանափակելուն միտված օրենսդրական նախաձեռնությունները հարված են խոսքի և լրատվամիջոցների ազատությանը: Իրավիճակը հատկապես բարդանում է, երբ խնդրո առնչությամբ մեդիաների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն անցկացվել, ինչը վկայում է իշխանության ներկայացուցիչների մոտ «մամուլի բերանը փակելու» գայթակղության մասին: Ալեն Սիմոնյանին հորդորում ենք զերծ մնալ մեդիայի ազատությունը սահմանափակող քայլերից, այդ թվում նաև «պատրաստվել» բազմաթիվ հարցադրումների, որոնք կարող են վերաբերվել թե գրաքննության մշակույթի վերադարձում իր անձնական ներդրմանը, և թե մեդիաբիզնեսի ոլորտում անհավասար պայմաններ ստեղծելու շահագրգռվածությանը: