Աննա Հակոբյանի հասցեին քննադատությունների պակաս չի եղել

2019 թ-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 314 հոդված, որոնցից 68-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 242-ը՝ չեզոք։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ նշված տասնօրյակում բացասական հոդվածների բավական հաճախ ենք հանդիպում։ Նախ՝ Աննա Հակոբյանն քննադատության է արժանանում իր ստեղծած հիմնադրամի պատճառով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի արկղերը հայտնվել են Երևան Սիթիներում։ Մամուլը նշում է, որ Սամվել Ալեքսանյանն իր հարցերը լուծել է իշխանությունների հետ և այդ արկղերի ներկայությունը կարող է կաշկանդել վերահսկող մարմիններին, ինչի հետևանքով խանութ սրահներում գուցեեւ վերստուգիչ աշխատանքներ չիրականացվեն։

Բացի այդ, ըստ մամուլի հրապարակումների՝ արկղերը հայտնվել են նաև ԱԺ բուֆետում, և նշվում է, որ բացի օլիգարխների գրպանները «թափ տալուց», վարչապետի կինը անցել է բուֆետի այցելուներից գումար հավաքելուն։

Իշխանությունները թեեւ որդեգրել են՝ առանց «խնամի-ծանոթ» գործելաոճը, սակայն մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Աննա Հակոբյանն իր հովանավորյալներին է նշանակում այս կամ այն պաշտոնին։ Եթե հրապարակումները համապատասխանում են իրականությանը՝ ապա կարելի է եզրակացնել, որ իշխանությունների կողմից որդեգրված սկզբունքներն իրականում չեն աշխատում։ Բացի այդ, հասարակությունը կարող է մի օր բացատրություն պահանջել իշխանություններից։

Աննա Հակոբյանին քննադատեցին նաև «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումների պատճառով։ Թերթում տպագրված հոդվածներից մեկում, Չինաստան այցի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումները լուսաբանելիս, Նիկոլ Փաշինյանը հիշատակվել էր որպես Աննա Հակոբյանի ամուսին, մինչդեռ հակառակը պետք է լիներ, ի վերջո հանդիպում էր ՀՀ վարչապետը։

Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Աննա Հակոբյանը ներգրավված է ողջ ՀՀ հասարակաքաղաքական սեկտորի գործունեության մեջ՝ իր ազդեցությամբ։ Համենայնդեպս, մամուլը համարում է, որ Հայաստանում հարցեր կարելի է լուծել Աննա Հակոբյանի միջոցով։