Հարձակում՝ Թիվ 5-ի լրագրողի վրա

Մայիսի 25-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից հարձակվել են Թիվ 5 հեռուստաընկերության լրագրողի վրա՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը։ Ոստիկանությունում գործ է հարուցվել, լրագրողը հրավիրվել է հարցաքննության։ «Մեդիա պաշտպան»-ի հետ զրույցում հեռուստաընկերության տնօրենը հաստատել է կատարվածը։  Ավելի վաղ, Հարություն Հարությունյանն այդ մասին ֆեյսբուքում գրառում էր արել։ Մենք պարզաբանում ստացանք նաև լրագրողից, ով չցանկացավ հրապարակել անունը։ Նա նշեց, որ ցույցի մասնակիցներից մեկին ուղղված հարցին, թե ինչն է Ձեզ բերել այստեղ, մասնակիցները հայհոյանքներով հարձակվել են իր վրա, անվանել թուրք ու արնախում, կոչ արել հեռանալ։ Ի դեպ, լրագրողն ասաց, որ ավելի թեժ դիմադրության է արժանացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու օրը։ Դատարանի մուտքի մոտ մի խումբ տղամարդիկ անձնական հայհոյանքներ են իրենց թույլ տվել, ընդ որում 4-րդ դասարանի որդու դասընկերների ներկայությամբ, որը նաև քննարկման առարկա է դարձել դպրոցում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հավաքի կազմակերպիչներին կոչ է անում զերծ մնալ բռնությունից ու բռնության կոչերից, իսկ հավաքի անցկացման խաղաղ  բնույթի համար երաշխավոր ոստիկանությանը կոչ է անում ապահովել լրագրողների անխափան աշխատանքը ։ «Մեդիա պաշտպանը» հետամուտ է լինելու բռնության կազմակերպիչների եւ մասնակիցների բացահայտմանը։

Այսպիսով՝ խախտվել է հավաքների զանգվածային լրատվության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, որի հետևանքով հանրահավաքն ուղղակի պետք է դադարեցվեր, քանզի խախտվել է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը  և 33-րդ հոդվածի 1-ին մասը։