Արցախյան հակամարտության լուսաբանումն առցանց մամուլում

2019թ-ի փետրվարի 1-ից  ապրիլի 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել «Արցախյան հակամարտության» լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 34 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները, որոնք չեն արտացոլում իշխանության ընտրած քաղաքականությունն ու գաղափարները, դրական են՝ իշխանական տեսակետներ ներկայացնող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի կարծիք արտահայտող հոդվածներն ու պաշտոնական հաղորդագրությունները։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 13681 հոդված

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Մշտադիտարկման այս ժամանակահատվածում արցախյան հակամարտության թեման ավելի քան արդիական էր Հայաստանում։ Իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս նշել էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա։ Դա նշանակում էր, որ վերջին 20 տարվա բանակցային ձևաչափում պետք է փոփոխություն իրականացվեր։ Փաստացի վարչապետը հայտարարել էր, որ չի ընդունում բանակցային նախորդ ձեւաչափն, բացի այդ՝ գնում է բանակցությունների սեփական օրակարգով։ Սա բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ, եղան և կողմ, և դեմ կարծիքներ։

Մինչև պաշտոնական հանդիպումը Փաշինյանը և Ալիևը մի քանի անգամ հանդիպումներ էին ունեցել և ըստ իշխանական կողմի՝ այդ հանդիպումները զուտ պատահական, չպլանավորված բնույթ են կրել, իսկ հանդիպումների ընթացքում տեղի ունեցած զրույցները, որոնցից մեկը տևել էր 80 րոպեից ավել, դրա մանրամասներն այդպես էլ անհայտ մնացին։ Որոշ վերլուծություններից հետո մամուլի և հասարակության կողմից սկսեց քննարկվել թեզ, համաձայն որի՝ Փաշինյանը ցանկանում է «Արցախի հարցում զիջումների գնալ», «հողեր հանձնել», մինչդեռ իշխանական թևն իր հերթին հերքում էր այդ լուրերը։

Այս քննարկումները երկար կարող էին ծավալվել, եթե չկայանար Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Հանդիպումից հետո տարատեսակ քննարկումներ եղան, ընդդիմությունը սկսեց հիշեցել վարչապետին, որ վերջինս առանց Արցախի ներկայացուցչի է գնացել բանակցությունների և որ Արցախն այդպես էլ բանակցային կողմ չդարձավ։ Փաշինյանի թիմը նման մեղադրանքներին պատասխանում էր՝ «ամեն ինչ միանգամից չի լինում» արդարացմամբ։ Այժմ Փաշինյան-Ալիև հեռակա «փոխհրաձգությունը» շարունակվում է, իսկ ադրբեջանական կողմի պահվածքն այս պահին ավելի ագրեսիվ է դառնում։

«Հող հանձնելու» թեման էլ ավելի ակտիվ սկսեց քննարկվել Աննա Հակոբյանի ԱՄՆ այցից և «Ամերիկայի ձայնին» տրված սկանդալային հարցազրույցից հետո։ Այդ հարցազրույցի մասին վարչապետը ստիպված իր ֆեյսբուքում բացատրական ծավալուն գրառում կատարել, որը տարբեր քաղաքական գործիչների և հասարակության ներկայացուցիչներին առանձնապես չբավարարեց, վերջիններս շարունակեցին պնդել, որ Աննա Հակոբյանը մտածված է արել նշյալ սկանդալային հայտարարությունը։

Գրաֆիկից և մշտադիտարկման արդյունքներից կարելի է եզրակացնել, որ լրատավականների մի մասը փորձում է անաչառ գործել, բայց նրանց դա 100 տոկոսով չի հաջողվում, իսկ մյուս մասն էլ, ընդհակառակը, կա՛մ ընդդիմադիր ճամբարում է, կա՛մ իշխանական: Ուշագրավ է, որ հավասարություն չի պահպանում նաև պետական լրատվական ծառայությունը։

Հետգրության փոխարեն: Արցախի թեման հասարակության համար չափազանց կարևոր է, միաժամանակ՝ խիստ զգայուն։ Այս թեման չպետք է դարձնել քաղաքական շահարկումների առարկա և չպետք է փորձել այս թեմայով դիվիդենտներ շահել։ Լրատվականները և քաղաքական գործիչները պետք է գիտակցեն, որ այս թեմայի շուրջ արված յուրաքանչյուր անզգույշ արտահայտություն և գործողություն կարող է սպառնալիք դառնալ սահմանում ծառայություն իրականացնող զինվորի և պետության անվտանգության համար։

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։