Գովերգել իշխանություններին, ջախջախել ընդդիմադիրներին

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է իշխանություններին գովերգելու, իսկ ընդդիմադիրներին «ջախջախելու» քաղաքականությունը։ Այսպես օրինակ, «Լուրերի գլխավոր թողարկման» եզրափակիչ հատվածում Պետրոս Ղազարյանը մայիսի 2-ին հյուրընկալել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ (https://www.youtube.com/watch?v=S3x9APDubLo)։ Հանդիպման թեման ՀՅԴ ԳՄ օրեր առաջ հրապարակած հայտարարությունն էր։
«Ինստիտուցիոնալ քաղաքական պրոցեսներից դուրս մնացած ուժի համար, արդյոք ադեկվա՞տ է դառնալ քաղաքական առանցք», «երկար ժամանակ կրթության ոլորտը եղել է Դաշնակցությանը, իսկ ի դեմս կրթության ոլորտի, ունենք շատ վատ իրավիճակ», -նշել է Պետրոս Ղազարյանը։ Եթե ըստ դաշնակների վարչապետի հայտարարությունները մտահոգիչ են, Ղազարյանի պնդմամբ՝ դրանք «հստակ քաղաքական թեզեր են», իսկ Հայաստանում պետական և հոգևոր արժեքների դեմ արշավի գոյությանը կա հակադրություն՝ «ազատ երկիր ենք»։
Վարչապետի Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ապրիլի 23-ի հարցազրույցի ժամանակ Աղաջանյանը ներկայացրեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների ցանկը (https://www.youtube.com/watch?v=Lbj7qjW2kpg)։
Հաղորդման միակ սուր հարցադրումը հետևյալն էր՝ «Ըստ մամուլի Ձեր պատճառով 3 հոգի աշխատակազմում հրաժարական տվեցին, ի՞նչն է ճիշտ, ի՞նչ է չափազանցություն, ի՞նչն է իրականություն»։ Յուրաքանչյուր պատասխանի պարագայում, փաստորեն, Ղազարյանն Աղաջանյանի մեկնաբանությունը ստանալով՝ ակնկալում է ստանալ իրականության պատկերացում։
Եթե Սաղաթելյանի հետ հարցազրույցն ավարտվում է՝ «այլասերված արժեքները ջախջախելով ավարտում ենք մեր եթերը» տողով, Աղաջանյանի հետ հարցարզույցի ավարտը հետևյալն է՝ «այսպես, անհետաքրքիր, առանց ինտրիգների և դավադրությունների ավարտում ենք մեր եթերը։ Տոնի ժամանակ մենք սովոր ենք ուտել-խմել, իսկ այստեղ՝ միջոցառումներ, քննարկումներ, մշակույթ»։