Իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում

2019 թ-ի ապրիլի 1-ից 15-ը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 34 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները,  որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի լուսաբանվածները, ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին նախապատվություն չտվող հոդվածները։

Ուշադրություն է դարձվել այն թեմաներին, որոնք ունեցել են  հասարակական հնչեղություն կամ քաղաքական գործընթացների մաս են կազմել։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 5422 հոդված։

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Իրավական հարցերի քննարկումներն այս ժամանակահատվածում թեժ են ընթացել։ Ընդդիմադիրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն անձնական վրեժխնդրությամբ է առաջնորդվում և փորձում է ճնշել այն քաղաքական գործիչներին կամ բիզնես ներկայացուցիչներին, ում նկատմամբ անձնական հակակրանք ունի։ Այդպիսի ճնշման օրինակ  ներկայացվում է Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործն ու «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալությունը։ Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ դրանք բացառապես իրավական գործընթացներ են ու իշխանությունը կամ վարչապետը որևէ կերպ չի միջամտում։ Իշխանական պնդումներին դեմ հանդես եկան և ոստիկանություն բերման ենթարկվեցին նաև «Սուտ Նիկոլ» նախաձեռնության ներկայացուցիչները։ Ըստ նախաձեռնության անդամների, Փաշինյան-Վանեցյան և Վանեցյան-Խաչատրյան գաղտնալսումները հակառակն են ապացուցում։ Լրատվական դաշտն էլ իր հերթին մտահոգություն է հայտնում ֆեյքերի մասին հայտարարությունից և, հատկապես, «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան օգտատիրոջ ձերբակալությունից հետո։ Այս գործողությունները մեծամասամբ որակվեցին անօրինական։ Այդ մասին բարձրաձայնեցին նաև իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները։

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։