Նիկոլ Փաշինյանի 4.5 ժամ տեղի ունեցած ասուլիսի բացասական արձագանքների գերակշռությանը կարելի է երկու բացատրություն տալ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը իրականացնում է Հայաստանի համացանցային լրատվամիջոցների մոնիտորինգը որոշակի թեմաներով։ Հերթական թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 19-ին տեղի ունեցած շուրջ 4,5 ժամ տևած ասուլիսն էր, որտեղ վարչապետն անդրադարձավ ամենատարբեր թեմաների։ Ֆեյսբուքյան գրառումները և լայվերից հետո, որոնք միայն միակողմանի հաղորդակցություն են ապահովում, այս ասուլիսը շատ սպասված էր, քանի որ հնարավորություն էր տալիս անդրադառնալ ոչ թե այն խնդիրներին, որոնք վարչապետն էր կարևորում, այլ՝ լրատվամիջոցներին, և, ենթադրաբար, հասարակությանը հուզող հարցերին։

Հայաստանի 34 առաջատար առցանց լրատվամիջոցների վերլուծությունը ցույց է տալիս, որ ասուլիսի վերաբերյալ եղել է 683 արձագանք, որոնցից 200-ը՝ բացասական, 27-ը՝ դրական և 456-ը՝ չեզոք։

Բացասական արձագանքների գերակշռությանը կարելի է 2 բացատրություն տալ։ Մեկն այն է, որ հասարակությունը չստացավ իրեն հուզող հարցերի պատասխանը, Հայաստանի զարգացման հեռանկարը մնում է անորոշ, անհասկանալի է անվտանգության հիմնախնդրի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագան։ Բացասական արձագանքների մի զգալի մաս էլ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտությանը, նրան, որ լինելով իշխանություն, նա մնում է նախկին ընդդիմադիր հայացքների և լրագրողի ու խմբագրի մեթոդաբանության մեջ։

Մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ ինչպես իշխանություններն են պնդում, հայաստանյան լրատավամիջոցները գտնվում են ընդդիմության ազդեցության տակ, և այդ պատճառով էլ կեղծ լուրեր են տարածում։ Այս առումով հատուկ պետք է նշել, որ բացասական արձագանքները հիմնականում մեկնաբանությունների ու կարծիքների միջոցով են, ոչ` լուրերի։

Իշխանությունների հետագա քայլերը ցույց կտան, թե իրենք որ բացատրությունն են նախընտրել. կամ կանսան քննադատությանը եւ շրջադարձ կկատարեն վարվող քաղաքականության մեջ, կամ կշարունակեն լրատվամիջոցներին «սև» ու «սպիտակ» գույներով ներկելը եւ կեղծ լուրերի տարածման մասին հայտարարությունները։

Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար