Իշխանական թիմում միջգերատեսչական հակասություններ կան

2019թ-ի մարտի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 309 հոդված, որոնցից 68-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 234-ը՝ չեզոք։

Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, որ Արայիկ Հարությունյանի անձի ու գործունեության հանդեպ հետաքրքրությունը նախորդ տասնօրյակի համեմատ մեծացել է։

Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ կրթության ոլորտին վերաբերող  հոդվածների գերակշիռ մասը բացասական են, հիմնականում շեշտադրվում է Արայիկ Հարությունյանի հովանավորչական գործունեությունը, կրթության ոլորտում «մտերիմների» նշանակումները, որից ի դեպ, դժգոհում են նաև ոլորտի աշատակիցները։ Ցայտուն օրինակ է վարչապետի այցը Ռանչպար գյուղ, որտեղ Նիկոլ Փաշինյանին մոտեցած քաղաքացին դժգոհում էր անարդարության մթնոլորտից՝ փաստելով, մարզպետի մորաքրոջ հարսը աշխատանք է ստացել դպրոցներից մեկում։

Վերը նշվածից ստացվում է, որ իշխանական թիմում միջգերատեսչական հակասություններ կան (նախարարություն մարզպետարան)։ Հիշեցնենք, որ իշխանությունը հավաստիացնում էր,  որ «ծանոթ-բարեկամով» աշխատանքի ընդունվելու պրակտիկան երկրում բացառվելու է։