Քաղաքապետարանը մի շարք լրատվամիջոցների տարածքն ազատելու ծանուցումներ է ուղարկել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանուցել է «Հրապարակին», «Հայելուն» եւ մի շարք այլ լրատվամիջոցներին, որ Երևան համայնքը հրաժարվում է նրանց հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրերից, բացատրելով այն այդ տարածքների առավել արդյունավետ օգտագործման հրամայականով։

Քաղաքապետարանը, որը հայտնի է հարյուր հազարավոր դոլլարներ մեկ տոնածառին տրամադրելով, ակնհայտ բարձր գներով աղբատարներ գնելով, մեկ միլիոն դոլարի չափ պարգեւավճարներ բաժանելով, հանկարծ որոշում է համայքնի միջոցները արդյունավետ օգտագործել, եւ առաջին հարվածը ընկնում է լրատվամիջոցների գլխին։ Դժվար է հավատալ, որ թերթերից ստացվելիք կոպեկները կարող են էական դեր խաղալ շռայլության սովոր քաղաքապետարանի համար։

Այս տարածքները ժամանակին համայնքի կողմից տրամադրվել էին լրատվամիջոցներին՝ որպես պետական աջակցություն ազատ մամուլի կայացմանը։ Ներկա իշխանությունների համար, որոնք իշխանության էին եկել հենց մեդիայի օգնությամբ, ազատ մամուլը այլեւս արժեք չէ, եւ նրա հետ կարելի է վարվել բյուրոկրատիայի ողջ խստությամբ։

Քաղաքապետի այս քայլը ակամա պետք է դիտարկել մամուլի դեմ իշխանությունների կողմից հայտարարված պատերազմի շրջանակներում, որպես իրավապես վիճարկելի, իսկ քաղաքականապես եւ բարոյապես դատապարտելի որոշում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է քաղաքապետի այս որոշումը եւ կոչ է անում վերանայել այն։ Մամուլի հանդեպ նման մոտեցումն անհարիր է ժողովրդավարական լոզունգներուվ եկած իշխանություններին։